ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հանձնաժողովի անդամները եւս մեկ անգամ քննարկել են ընթացիկ տարվա միջոցառումների ցանկը, որ 2009 թվականի ընթացքում ներկայացվել է ոչ միայն նրանց, այլեւ պետական գերատեսչությունների ու հասարակական կառույցների դատին` ներառելով ընդունելի բոլոր առաջարկությունները։ Վարչապետը նշել է, որ պետք է արվի հնարավորը, որ լավագույն մտահղացումներն ու նախաձեռնությունները կյանքի կոչվեն պատշաճ մակարդակով։
Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն 2010 թվականի համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն եւ օտարալեզու հրատարակություններ ու վերահրատարակություններ, ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երթեր, հուշ-երեկոներ, դպրոցականների այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաեւ ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն, ցուցապաստառների պատրաստում ու տեղադրում եւ այլն։ Բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում ներգրավված են պետական գերատեսչություններ, տարբեր հասարակական ու քաղաքական կառույցներ։
Կարեւորվել են հայ եւ օ տարազգի գիտնականների եւ իրավագետների համախմբման ու գիտաժողովների անցկացման հարցերը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում միջազգային իրավունք ուսանող երիտասարդներին եւ նրանց դասախոսներին պետք է համախմբել։ Բոլոր երկներում առկա գիտական ներուժի` ուսանողների եւ դասախոսների համախմբման եւ համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ «Լույս» հիմնադրամը։ Ուշագրավ է նաեւ հանգամանքը, որ Հարվարդի ուսանողների մի խումբ որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել է Հայոց ցեղասպանությունը։
Ի մի բերելով արդեն ընթացքի մեջ գտնվող եւ դեռ կայանալիք ձեռնարկումները` Տիգրան Սարգսյանը կարեւորել է բոլոր միջոցառումների պատշաճ կազմակերպման ու կատարման բարձր մակարդակը։
|