Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի անդամ, համանախագահ Հայս դե Ֆրիսին։
Ողջունելով հյուրին` վարչապետը կարեւորել է Վերահսկիչ պալատի գործունեությունը եւ նշել, որ Նիդերլանդների փորձը օգտակար կլինի ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները։ Որպես կարճաժամկետ ծրագրեր` կարեւորվել են հարկաբյուջետային քաղաքականության, շրջակա միջավայրի եւ ուսումնական ու ակադեմիական հաստատությունների աուդիտի իրականացումը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Վերահսկիչ պալատի գործունեության ակտիվացումը պայմանավորված է նոր օրենսդրության ընդունմամբ։ Հայս դե Ֆրիսն ընդգծել է, որ Վերահսկիչ պալատի վերաբերյալ օրենքը պետք է համապատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին։ Տիգրան Սարգսյանն իր հերթին կարեւորել է հոլանդացի գործընկերների առաջարկությունները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։
Երկուստեք ընդգծվել է, որ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացումը կնպաստի պետական կառավարման համակարգի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդմանը։
|